вторник, 13 декабря 2016 г.

Մխիթար Սեբաստացի

Մխիթար Սեբաստացին Մխիթարյան միաբանության հիմնադիրն է:
Մխիթար Սեբաստացին ծնվել է Սեբաստիա քաղաքում, 1676-ի փետրվարի 7-ին։ Իսկական անունը եղել է Մանուկ, հետագայում, հոգևորական կոչում ընդունելիս դարձել է Մխիթար: Նախնական կրթությունն ստացել է տեղի Ս. Նշան վանքում: Աշակերտական տարիներից ի հայտ է բերել նկատելի հարցասիրություն, տրամաբանելու, վերլուծելու կարողություն, ունեցել է որոնող, սուր միտք, հատկանիշներ, որոնք գրավել են էջմիածնի նվիրակ Միքայել արքեպիսկոպոսի ուշադրությունը և դրդել նրան՝ պատանուն բերելու էջմիածին։Այստեղ, սակայն, Մխիթարի հետ վարվել են դաժանորեն, ոչ թե հետևել են նրա կրթությանը, այլ աշխատեցրել են որպես ծառա։ Հիասթափված միաբանների վերաբերմունքից, շրջապատի թանձր խավարից, նա փախչում է Սևանա վանքը, ապա վերադառնում իր ծննդավայրը։Դեպի լույս, գիտություն ձգտող պատանին նորից է ընկնում ճանապարհ, այս անգամ ծրագրելով անցնել Եվրոպա, ստեղծել կրոնական միաբանություն, որը օգտակար լիներ ժողովրդի մտավոր զարգացմանը, լուսավորությանը։ 1701թ-ին իրագործում է տարիների երազը, ստեղծում կրոնական միաբանություն` տասը անդամներով։
Հռոմի պապը, նկատելով որ միաբանությունը կարող է օգտակար լինել կաթոլիկության տարածմանը Արևելքում, մասնավորապես պետականազուրկ հայ ժողովրդի մեջ, ընդառաջում է Մխիթարին, տրամադրում փոքրիկ մի դղյակ, նյութական միջոցներ, իսկ 1717-ին հատուկ հրովարտակով նրան է հանձնում Վենետիկ քաղաքի մոտ գտնվող Սուրբ Ղազար կղզին: Այստեղ Սեբաստացին կառուցում է եկեղեցի, բացում դպրոց, պատրաստում է միաբան-գործիչներ: Սբ Ղազարում նա զբաղվում է մատենագիտական աշխատանքով, ղեկավարում իր սաների բանասիրական հետազոտական աշխատանքները, կատարում թարգմանություններ, հրատարակում գրքեր: Սեբաստացու մահվանից հետո միաբանությունը, ի պատիվ նրա, կոչվում է Մխիթարյան:
Մխիթար Սեբաստացին աշխարհաբարի քերականության առաջին դասագրքի՝ «Դուռն քերականության աշխարհաբար լեզվին հայոց»-ի հեղինակն է: Արժեքավոր է նաև նրա «Քերականություն գրաբար լեզվի հայկազյան սեռի» երկը, որտեղ քննել է գրաբարի ձևաբանությունը, շարահյուսությունը, սահմանել կանոններ, անդրադարձել ուղղագրության և այլ հարցերի: Հայագիտական մեծ նվաճում է Սեբաստացու «Բառգիրք հայկազյան լեզվի» աշխատությունը, որն այսօր էլ ունի բացառիկ արժեք. ընդգրկում է ժամանակի հայերեն ձեռագիր ու տպագիր բառագանձը՝ ավելի քան 100 հզ. բառահոդված: Ուշագրավ է նաև նրա «Տաղարան» ժողովածուն, որի բանաստեղծությունների մի մասը, որպես շարական, Սեբաստացու երաժշտությամբ, երգում են այսօր:

Комментариев нет:

Отправить комментарий