вторник, 13 декабря 2016 г.

Մխիթար Սեբաստացի

Մխիթար Սեբաստացին Մխիթարյան միաբանության հիմնադիրն է:
Մխիթար Սեբաստացին ծնվել է Սեբաստիա քաղաքում, 1676-ի փետրվարի 7-ին։ Իսկական անունը եղել է Մանուկ, հետագայում, հոգևորական կոչում ընդունելիս դարձել է Մխիթար: Նախնական կրթությունն ստացել է տեղի Ս. Նշան վանքում: Աշակերտական տարիներից ի հայտ է բերել նկատելի հարցասիրություն, տրամաբանելու, վերլուծելու կարողություն, ունեցել է որոնող, սուր միտք, հատկանիշներ, որոնք գրավել են էջմիածնի նվիրակ Միքայել արքեպիսկոպոսի ուշադրությունը և դրդել նրան՝ պատանուն բերելու էջմիածին։Այստեղ, սակայն, Մխիթարի հետ վարվել են դաժանորեն, ոչ թե հետևել են նրա կրթությանը, այլ աշխատեցրել են որպես ծառա։ Հիասթափված միաբանների վերաբերմունքից, շրջապատի թանձր խավարից, նա փախչում է Սևանա վանքը, ապա վերադառնում իր ծննդավայրը։Դեպի լույս, գիտություն ձգտող պատանին նորից է ընկնում ճանապարհ, այս անգամ ծրագրելով անցնել Եվրոպա, ստեղծել կրոնական միաբանություն, որը օգտակար լիներ ժողովրդի մտավոր զարգացմանը, լուսավորությանը։ 1701թ-ին իրագործում է տարիների երազը, ստեղծում կրոնական միաբանություն` տասը անդամներով։
Հռոմի պապը, նկատելով որ միաբանությունը կարող է օգտակար լինել կաթոլիկության տարածմանը Արևելքում, մասնավորապես պետականազուրկ հայ ժողովրդի մեջ, ընդառաջում է Մխիթարին, տրամադրում փոքրիկ մի դղյակ, նյութական միջոցներ, իսկ 1717-ին հատուկ հրովարտակով նրան է հանձնում Վենետիկ քաղաքի մոտ գտնվող Սուրբ Ղազար կղզին: Այստեղ Սեբաստացին կառուցում է եկեղեցի, բացում դպրոց, պատրաստում է միաբան-գործիչներ: Սբ Ղազարում նա զբաղվում է մատենագիտական աշխատանքով, ղեկավարում իր սաների բանասիրական հետազոտական աշխատանքները, կատարում թարգմանություններ, հրատարակում գրքեր: Սեբաստացու մահվանից հետո միաբանությունը, ի պատիվ նրա, կոչվում է Մխիթարյան:
Մխիթար Սեբաստացին աշխարհաբարի քերականության առաջին դասագրքի՝ «Դուռն քերականության աշխարհաբար լեզվին հայոց»-ի հեղինակն է: Արժեքավոր է նաև նրա «Քերականություն գրաբար լեզվի հայկազյան սեռի» երկը, որտեղ քննել է գրաբարի ձևաբանությունը, շարահյուսությունը, սահմանել կանոններ, անդրադարձել ուղղագրության և այլ հարցերի: Հայագիտական մեծ նվաճում է Սեբաստացու «Բառգիրք հայկազյան լեզվի» աշխատությունը, որն այսօր էլ ունի բացառիկ արժեք. ընդգրկում է ժամանակի հայերեն ձեռագիր ու տպագիր բառագանձը՝ ավելի քան 100 հզ. բառահոդված: Ուշագրավ է նաև նրա «Տաղարան» ժողովածուն, որի բանաստեղծությունների մի մասը, որպես շարական, Սեբաստացու երաժշտությամբ, երգում են այսօր:

Մուշեղ Գալշոյան 《Կանչը》

Պատահական չէ, որ պատմվածքը կոչվում է «Կանչը»: Կանչ բառը հիշեցնում է կարոտ, իսկ կարոտում են երբ սիրում են: Այս պատմվածքը սիրո-կարոտի կանչ է, այն մասին, որ ծերունին մանկուց սիրել էր մի աղջկա և հանդիպել շատ տարիներ անց՝ ծեր հասակում: Բայց սերը նույն սերն էր՝ քնքուշ,մեղմ... 
Երկուսն էլ արդեն մեծ ընտանիքներ ունեին, բայց Զորոյի (ծերունու) սերը մնացել էր հաստատուն: Նրա սերը նույն մանկական, երեխայական սերն էր: Ալեի տանը նա չէր թաքցնում իր սերը և խենթի պես էր պահում իրեն. կարծես փոքրիկ երեխա լիներ: Հուզիչ էր Զորոյի մենախոսությունը. նա ոչ ձմեռ էր ուզում և ոչ էլ ամառ, նա միայն գարուն էր ուզում՝ կյանք,սեր: Նա մեղադրում էր աշխարհին,բոլորին, տղերքին ու հարսներին: Երբ նա հանդիպեց Ալեին, նա հասկացավ թե ինչքան տարիներ է կորցրել, որ վախեցել է սիրուց և հիմա, փորձում է հետ բերել այդ տարիները: Բաժանվում է կնոջից, որի հետ ամբողջ կյանքն էր ապրել, առանձնանում մի հին տանը: Նա գնում է իր սիրու ետևից: Եվ ոչ մեկը չի արգելում նրան:

Գրիգոր Նարեկացի

Գրիգոր Նարեկացի
, հայ բանաստեղծ, փիլիսոփա, երաժիշտ։ Ծնվել է Վանա լճի հարավային ափերին գտնվող գյուղերից մեկում։ Փոքր հասակից 
կապված էր Ռշտունյաց աշխարհի Նարեկ գյուղի վանքի հետ, որից և՝ Նարեկացի անունը։ Վանքի վանահայրն էր մոր հորեղբայրը՝ փիլիսոփա Անանիա Նարեկացին։ Հնագույն ձեռագիր կենսագրականներում, բանաստեղծի գործերում, ինքնակենսագրական բնույթի հիշատակություններում Գրիգոր Նարեկացու կյանքի մասին պահպանվել են ոչ շատ, բայց հավաստի տեղեկություններ։ Ուսումնառությունն անցել է վանքի՝ X դ. հռչակված դպրոցում, Անանիա Նարեկացու ղեկավարությամբ։ Յուրացնելով դպրոցի մատենադարանի թարգմանական և ինքնուրույն ձեռագիր երոնա֊փիլիսոփայական գրականությունը՝ Գրիգոր Նարեկացին հետագայում դարձել է ուսման այդ կենտրոնի սյուներից մեկը։
Գրիգոր Նարեկացուց մնացել են բավական թվով գործեր՝ «Մեկնութիւն երգոց երգոյն Սողոմոնի», չորս ներբող, գանձեր, տաղեր (թվով 30-ից ավելի), «Մատեան ողբերգութեան» պոեմը, թղթեր և այլ գործեր։ Այդ երկերից լավագույնները տաղերն են և «Մատեան ողբերգութեան» քնարական պոեմը։ Տաղերի մեծ մասն իրենց գաղափարական բովանդակությամբ և արտահայտչական ձևերով արտացոլում են X դարի հասարակական կյանքի տեղաշարժերը։ Ճիշտ է, տաղերում մարդու ներաշխարհի, նրա խոհերի ու ապրումների պատկերները դեռ այնքան խորը չեն, բայց «Մատեան ողբերգութեան» մեջ դրանք հասնում են գերօրինակ ուժի ու բարձրության։
Գեղեցկության իդեալը սովորաբար մարմնավորում է տիրամայրը։ Դրա ամենավառ արտահայտություններից է «Տաղ Վարդաւառի»-ն։
Գրականության պատմության մեջ Նարեկացին թերևս առաջինն է, որ լայնորեն օգտագործել է բաղաձայնույթը (ալիտերացիա) ոտանավորի երաժշտության համար։
Հայ և համաշխարհային գրականության մեջ Գրիգոր Նարեկացին հռչակվել է «Մատեան ողբերգութեան» պոեմով, որը պատկանում է մարդկության ստեղծած գեղարվեստական մեծագույն արժեքների թվին։ Պոեմը հայտնի է «Նարեկ» անունով։ Տարբերվեյով քնարական պոեմների մյուս հեղինակներից՝ Նարեկացին բոլորովին չի օգտագործել պատմողական սյուժեի տարրեր։ Բայց պոեմն էապես ունի իր սկիզբն ու վախճանը, ներքին գարգացման կուռ միասնությունն ու ամբողջականությունը։ Պոեմում խտացված են բանաստեղծի ողբերգական ապրումները, տարակույսները, թե ինքը կարո՞ղ է միանալ աստծուն։ Նա տարակուսում է, որ կարոդ է հասնել իր իդեալին՝ աստծուն, որովհետև գնալով աճում են իր մեղքերը։ Մինչդեռ աստծուն հասնելու համար պետք է մարդու գործերի ու վարմունքների, հույզերի ու զգացմունքների աշխարհն իսպառ մաքուր լինի ամեն տեսակ թերություններից, ամեն տեսակ բացասական գծերից։ Կատարյալ մաքրության հասնելու համար մարդ պետք է ամենաանխնա կերպով խոստովանի ու դատապարտի իր վատ արարքները, մեղքերը։ Բանաստեղծն իրեն է վերագրում մեղքեր ու հանցանքներ, դատապարտում այն բոլոր բացասականը, ինչ դիտել է մարդկային կյանքում ու իրականության մեջ։
Նա գտնում է, որ մարդկային ծնունդներից ոչ ոք իր չափ մեղավոր չի եղել, որովհետև չի կարողացել մտքի երիվարը բանականության սանձով կանգնեցնել և, «... մութ խորհոլրդների միջից սլանալով», մարդկանց գործած բոլոր հին չարիքներին նորերն է ավելացրել։ Նույնիսկ արարչի դեմ նենգավոր է գտնվել, ըմբոստացել, աստվածամարտ մտածումներ է ունեցել ու չի վախեցել նրա սպառնալիքներից։ «Մատեան ողբերգութեան» մեջ նա ասում է.
Սպառնացար, և ոչ զաոհուրեցայ,
Արգահատեցեր՝ և ոչ երբեք լուայ,
Որ է ապստամբութեան յայտնի նշանակ։
Կործանվելու սարսափներին հաճախ հաջորդում է փրկվելու հույսը՝ կապված մեղքերի խոստովանության հետ։ Պոեմի արտակարգ հուզիչ, դրամատիկ դրություններով հարուստ ընթացքն ավարտվում է լավատեսության հաղթանակով, Փրկության ե աստվածային էության հետ միանալու՝ աստվածանալու հավատով։
Ինչպես որոշ միստիկներ, այնպես էլ միստիկ Գրիգոր Նարեկացին ստեղծել է կատարելության ձգտող մարդու իդեալը՝ առաջ քաշելով կատարյալ էակի՝ աստծո պաշտամունքը։ Նա պանթեիստորեն առաջադրում և յուրովի լուծում է մարդ և աստված, բնություն և աստված հարաբերությունը։ Աստված ամենուրեք է և ամեն ինչում.
Զի դու միայն ես երկնքում անճառ
և երկրում՝ անզնին,
Գոյության տարրերի մեջ և աշխարհի
բոլոր ծագերում,
Սկիզբն ամեն ինչի, և ամեն ինչի մեջ՝
ամբողջ լրումով։
Պոեմի բովանդակության զարգացման ինքնատիպությունը, հույզերի, տրամադրությունների արտահայտումն ու պատկերումը պահանջում էին պոետիկական նորանոր հնարքներ ու միջոցներ։ Բանաստեղծը խորապես գիտակցել է իր ստեղծագործության էության առանձնահատկությունները և, դրանց համապատասխան, արտահայտչական ձևեր ստեղծելու անհրաժեշտությունը։ Թե՛ մարդկային կյանքի իրադրությունները, թե՛ բնության երևույթներն օգտագործված են բանաստեղծի կողմից իբրև համեմատություններ ու փոխաբերություններ՝ ապրումների ու հոգեվիճակների գեղարվեստական մարմնավորման համար։
Նարեկացու փոխաբերությունները, համեմատությունները, էպիտետները, որոնք պոեմում հորդում են հեղեղի նման, միշտ ինքնատիպ են, համարձակ և գեղագիտական բարձր ճաշակի ու զգացողության արտահայտություն։
Ժամանակի գրական լեզուն՝ գրաբարը, ինչ հարստության որ հասել էր պատմիչների, եկեղեցական գրողների ու բանաստեղծների գործերում, չէր կարող Նարեկացու ստեղծագործական երևակայության անսահման թռիչքը, իրարամերժ խոհերի ու զգացմունքների բոլոր նրբերանգներն արտահայտել։ Նրանից առաջ բուն բանաստեղծության լեզուն շատ ավելի աղքատ ու միակերպ էր, քան մեր պատմիչների լեզուն։ Եկեղեցական դոգմաներին հետևելը խանգարում էր հոգևոր երգերի (շարականների) հեղինակներին լեզվական նորամուծություններ կատարել ե՝ այն աստիճան, որ նրանց լեզվական անհատականությունը գրեթե կորչում էր։ «Մատեան ողբերգութեան» պոեմի հավերժ մնայուն գեղարվեստական արժեքը, բովանդակության խորության ու մեծության հետ, պայմանավորված է նրա պոետիկական արվեստի անսահման հարստությամբ։ Նարեկացու բանաստեղծական արտահայտչական միջոցներն ու ձևերը անսպառ են, բազմազան ու գունագեղ, իսկ բառարանը՝ հայ գրականության մեջ ամենահարուստը։
Գրիգոր Նարեկացին գրականության մեջ մնաց անգերազանցելի՝ բովանդակության համապատասխան ոտանավորի տարբեր չափեր ստեղծելու և օգտագործելու, ռիթմի ու երաժշտականության անկրկնելի արդյունքների հասնելու հարցում։ Մ. Մեծարենցը ճիշտ է նկատել, թե Նարեկացին «գիտեր ծովաձայն հնչեցնել բառերը»։

Նարեկացին, որպես երաժիշտ, նոր շունչ ու կյանք է հաղորդել հայ միջնադարյան մասնագիտացված երգարվեստին։ հատկապես իր տաղերի երաժշտական բաղադրիչներում հաղթահարված են շարականների հին, ութ-ձայնի դրությանը կապված եղանակների կազմության՝ տվյալ պատմաշրջանի համար արդեն քարացած ձևերը։ Ընդհանրապես նախատեսված չլինելով պարտադիր-կիրառական նպատակների համար՝ տաղերն ազատ են մնացել եկեղեցական կանոնական մտածողությունից ու ավելի անկաշկանդ (քան, օրինակ, շարականները) հարստացել ժող-գուսանական արվեստից եկող կենսունակ տարրերով։ «Մատեան ոդբերգութեան» պոեմի գեղարվեստական անընդգրկելի մեծության ամենացայտուն ապացույցներից է մեր գրականության վրա թողած նրա հսկայական ազդեցությունը։ Նրանից սովորել և ներշնչվել են ոչ միայն միջնադարի, այլն նոր ժամանակների հայ պոեզիայի նշանավոր դեմքերը։

среда, 7 декабря 2016 г.

Կոմիտաս

Կոմիտասը  12 տարեկանում ընդունվել է Էջմիածնի Գևորգյան ճեմարան, որտեղ հատուկ ուշադրություն են դարձրել նրան՝ գեղեցիկ ձայնի և երաժշտական բացառիկ ընդունակությունների համար: Ուսման տարիներին յուրացրել է հայ նոտագրությունն ու հոգևոր երաժշտությունը, հավաքել ժողովրդական երգեր և ստեղծագործական փորձեր արել: 1893 թ-ին ավարտել է ճեմարանը, նշանակվել երաժշտության ուսուցիչ, Մայր տաճարում՝ խմբավար: 1894 թ-ին ձեռնադրվել է կուսակրոն աբեղա` VII դարի բանաստեղծ ու երաժիշտ, կաթողիկոս Կոմիտասի անվամբ,  1895 թ-ին՝ վարդապետ: 1895 թ-ին Թիֆլիսում հարմոնիայի դասեր է առել Մակար Եկմալյանից: 1896–99 թթ-ին ուսումը շարունակել է Բեռլինում՝ Ռ. Շմիդտի մասնավոր կոնսերվատորիայում և Արքունական համալսարանում. ուսումնասիրել է կոմպոզիցիայի տեսություն, հոգեբանություն, փիլիսոփայություն, խմբավարություն, մշակել է ձայնը, սովորել դաշնամուր ու երգեհոն նվագել: Այդ տարիներին գրել է երգեր, ռոմանսներ, խմբերգեր, մշակել ժողովրդական երգեր: 
1899 թ-ին վերադարձել է Էջմիածին. ճեմարանի երգչախմբով համերգներ է տվել Երևանում, Թիֆլիսում, Բաքվում: 1906 թ-ին հայ ժողովրդական և հոգևոր երգերի իր մշակումները ներկայացրել է Փարիզում: 1910 թ-ին տեղափոխվել է Կոստանդնուպոլիս. ստեղծել է «Գուսան» երգչախումբը և համերգներով շրջագայել Ադաբազարում, Պարտիզակում, Կահիրեում, Ալեքսանդրիայում և այլուր: Երգչախմբի մի քանի մասնակիցներ՝ Բարսեղ Կանաչյանը, Միհրան Թումաճանը, Վարդան Սարգսյանը, Վաղարշակ Սրվանձտյանը, Հայկ Սեմերճյանը, երաժշտության տեսության դասեր են առել Կոմիտասից և հայտնի են որպես «Կոմիտասյան հինգ սաներ»:
1915 թ-ին ապրելով Մեծ եղեռնի և աքսորի մղձավանջը՝ կորցրել է մտավոր հավասարակշռությունը և մինչև կյանքի վերջը մնացել է Փարիզի հոգեբուժարաններում: Հիվանդության տարիներին զգալի տուժել է նաև նրա ազգագրական և գիտական ձեռագիր ժառանգությունը: 
Անգնահատելի է Կոմիտասի  հավաքչական ու գիտական աշխատանքը: Նա ժողովրդական երգերը գրառել է ազգագրագետի վարպետությամբ, գեղագետի պահանջկոտությամբ և գիտնականի վերլուծական դիտողականությամբ: Երաժշտական բանահյուսության մի շարք հնագույն  և բարձրարվեստ նմուշների հայտնաբերումը (հեթանոս հավատալիքներին առնչվող հորովելների եղանակները, «Սասունցի Դավիթ», «Մոկաց Միրզա» վիպական ասերգերը, անտունիներն ու հոգևոր տաղերը) համարվում է պատմամշակութային խոշոր հայտնագործություն, իսկ հավաքած ավելի քան 4000 գեղջկական երգերը՝ հայ ժողովրդական երգարվեստի անթոլոգիա: 
Կոմիտասը տեսական աշխատություններում բացահայտել է ժողովրդական երաժշտության կենսական հիմքերը, բնութագրել հայ երգի գեղագիտական արժանիքները, վերլուծել տեսակներն ու կառուցվածքային հատկանիշները: Նա հիմնականում գրել է մեներգային և խմբերգային երգեր, որոնք սերում են ժողովրդական կամ հոգևոր սկզբնաղբյուրից. «Առ գետս Բաբելացվոց» սաղմոսը, «Ո'ւր ես գալի, ա՜յ գարուն» կանտատը (Հովհաննես Հովհաննիսյանի խոսքերով), «Մութն էր երկինքը» ռոմանսը (Հովհաննես Թումանյանի խոսքերով), «Կաքավի երգը», «Գարուն ա», «Քելեր, ցոլեր», «Լոռու գութաներգ», «Անտունի», «Ծիրանի ծառ» երգերը, նաև հարսանեկան, վիճակի, պարերգային և այլ շարքեր: 
Կոմիտասը դիմել է նաև այլ ժանրերի. եզակի են նրա «Դաշնամուրային պարերը», որտեղ կիրառել է ժամանակի համաշխարհային երաժշտության համար նոր և խիստ ինքնատիպ միջոցներ: Պահպանվել են «Սասնա ծռեր» էպոսի, Հակոբ Պարոնյանի «Քաղաքավարության վնասներ» կատակերգության, Հովհաննես Թումանյանի «Անուշ» պոեմի հիման վրա նրա գրած երաժշտական հատվածները և օպերային էսքիզները:  Իր անհուն խորությամբ առանձնանում է «Պատարագը», որը կանտատ-օրատորիայի դասական նմուշներից է: 
Կոմիտասին է նվիրված Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմը, որը պատկերազարդել է գեղանկարիչ Գրիգոր Խանջյանը:
Կոմիտասի կերպարին ու ստեղծագործությանն անդրադարձել են նաև մի շարք գիտնականներ, գեղանկարիչներ, քանդակագործներ, երաժիշտներ, գրողներ և ուրիշներ:
Կոմիտասի անունով են կոչվել Հայաստանի պետական լարային քառյակը, Երևանի կոնսերվատորիան, Կամերային երաժշտության տունը, պողոտա, զբոսայգի, Ստեփանակերտի երաժշտական դպրոցը, երգչախմբեր արտերկրում, արձաններ են կանգնեցվել Երևանում, Վաղարշապատում, Փարիզում և այլուր:

Ավետիք Իսահակյան

Ավետիք Իսահակյան - 1875-1957թթ.: Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, հրապարակախոս, գրական և հասարակական գործիչ, ակադեմիկոս, խոսքի Վարպետ: Ավետիք Իսահակյանը նախնական կրթությունն ստացել է Ալեքսանդրապոլի և Հառիճի վանքի դպրոցներում, 1889–92 թթ-ին սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, որտեղ աշակերտել է  Հովհաննես Հովհաննիսյանին, Ստեփան Լիսիցյանին և ուրիշների:
1892 թ-ի դեկտեմբերին «Տարազ» ամսագրում լույս է տեսել նրա առաջին բանաստեղծությունը՝ «Ծաղիկ էի նորաբողբոջ» վերնագրով:  1893 թ-ին մեկնել է Եվրոպա: Աշխատել է Վիեննայի մարդաբանական թանգարանում և, միաժամանակ, ունկնդրել գիտական դասընթացները, ապա եղել Լայպցիգի համալսարանի ազատ ունկնդիր: 1895 թ-ին վերադարձել է հայրենիք:
Հայ  ազգային-ազատագրական պայքարին մասնակցելու համար 1896 թ-ին ձերբակալվել է և մեկ տարով բանտարկվել Երևանի բանտում: 1898 թ-ին աքսորվել է Օդեսա: 1900 թ-ին կրկին մեկնել է Եվրոպա և ապրել Ժնևում ու Ցյուրիխում: 1901 թ-ի սեպտեմբերին վերադարձել է հայրենիք: 1908 թ-ին կրկին ձերբակալվել է՝ «Դաշնակցության գործով» և, որպես ՀՀԴ բյուրոյի անդամ, 1 տարով բանտարկվել Թիֆլիսի Մետեխի բանտում: Խուսափելով իր դեմ պատրաստվող դատավարությունից՝ 1911 թ-ին  մեկնել է Կոստանդնուպոլիս: 1912–26 թթ-ին ապրել է Գերմանիայում, Շվեյցարիայում և Իտալիայում: 1926 թ-ին ընտանիքը տեղափոխել է Փարիզ, իսկ ինքը վերադարձել է Հայաստան, որտեղ ապրել է մինչև 1930 թ.: 1930–36 թթ-ին ապրել է Փարիզում, 1936 թ-ի դեկտեմբերին վերադարձել է հայրենիք: 1946–57 թթ-ին եղել է Հայաստանի գրողների միության նախագահը: Իսահակյանի առաջին բանաստեղծական ժողովածուն՝ «Երգեր ու վերքերը», նշանավորել է ժողովրդական բանաստեղծի մուտքը գրական աշխարհ։ Գրքի հիմնական թեմաները՝  հայրենասիրություն, մայրական սեր, բնապաշտություն, կյանքի և մահվան առեղծվածի փիլիսոփայական ըմբռնում, բնորոշ դարձան նրա հետագա բանաստեղծությունների համար։
Նրա «Դարդս լացեք», «Սև մութ ամպեր ճակտիդ դիզվան», «Սիրեցի յարս տարան», «Որսկան ախպեր» և քնարական այլ բանաստեղծություններ երգի են վերածվել: Իսահակյանի քնարերգությունն իր ոգով ու ոճով, բովանդակությամբ ու գեղարվեստական առանձնահատկություններով ժողովրդային է: Բանաստեղծի համար սերը կյանքն է՝ իր բոլոր հմայքներով ու հրապույրներով, սիրո կործանումը հավասարազոր է կյանքի իմաստի կորստի:

Ավետիք Իսահակյան "Համբերանքի չիբուխը"

Ավետիք Իսահակյանի "Համբերանքի չիբուխը" ստեղծագործության գլխավոր հերոսը Օհան ամին է` մի աշխատավոր մարդ: Նա մի շուն ուներ` Ասլանը, ով շատ հավատարիմ էր Օհան ամուն: Օհան ամին մի քանդված ջրաղաց ուներ, որը Օհան ամու մահից հետո ոչ ոք չէր օգտագործում: Օհան ամու քրոջ որդին Մխոն էր: Նա ծնողազուրկ էր և կյանքին թեթև էր նայում: Ամեն ինչից ուրախանում էր, ինչը ստիպում էր բոլորին նրան խելառ անվանել: Նա միայն Օհան ամու ասածներին էր լուրջ վերաբերվում: Ընդհանուր առմամբ ստեղծագործությունը ինձ դուր եկավ: Ստեղծագործությունում լավ ներկայացված է անցյալում հայ աշխատավոր մարդու կյանքը, ով իր քրտինքով էր աշխատում իր հացը:

Ավետիք Իսահակյան "Լիլիթ"

Իսահակյանի "Լիլիթ" ստեղծագործությունը այն մասին է, թե ինչպես է ստեղծվել աշխարհը, և ով է եղել առաջին մարդը: Ըստ այս ստեղծագործության Աստված հողից ստեղծում է Ադամին` առաջին մարդուն: Հետո տեսնելով, թե ինչպես է Ադամը տանջվում մենակությունից, կրակի բոցերից ստեղծում է Լիլիթին: Ադամը մինչև ականջները սիրահարվում է Լիլիթին, մինչդեռ Լիլիթը դաժանորեն դավաճանում է Ադամին: Սա տեսնելով, Աստված որոշում է Ադամի կողից ստեղծել մի այլ կնոջ` Եվային: Եվան սիրում էր Ադամին, բայց Ադամի սրտում միշտ մնում էր Լիլիթը: Այս ստեղծագործությունը ինձ դուր չեկավ, քանի որ ես կարծում եմ, որ Աստվածաշնչում գրվածը չի կարելի փոխել: Աստվածաշնչում մարդկության ստեղծումը այլ կերպ է նկարագրված, այնտեղ չկա Լիլիթը: Առաջին կինը ըստ Աստվածաշնչի Եվան էր: Բայց ուշադիր կարդալուց հետո, նկատեցի, որ Իսահակյանը իր ստեղծագործության վերջում նշել է, որ սա թարգմանություն է, այլ ոչ թե ինքն է հորինել:

Ավետիք Իսահակյան "Աբու-Լալա Մահարի"

Իսահակյանը պոեմում փորձում է հեռանալ շուրջը տիրող քաոսային անբարոյությունից, ձգտում էմիանձնության, ճգնավորի կյանքի, մեկուսացման:

 Իսահակյանի գրչի տակ քննադատման, դատափետումի հասցեատերը համայն մարդկությունն է,և հեղինակը չի խնայում ոչ մի հասարակական օղակ, կառույց կամ անհատ: Այսպես կարող էրարտահայտվել միայն այն անհատը, ով հոգու ազատությունը, ինքնիշխանությունը իր կյանքիօրինակով ավելի բարձր է դասել, քան իշխանական դիրքն ու նյութական բարեկեցությունը: Նա, ովոչ թե խոսքով, այլ գործով է ապացուցել իր հավատարմությունը անսահման ազատությանը:Այդպիսի անհատ էր և՛ պոեմի հերոսը, և՛ պոեմի հեղինակը: Պատահական չէ Աբու-Լալայի մեծհամբավը` որպես կրոնական դոգմաների բարեփոխչի, անհնազանդ դերվիշի, և իր հերթին,Իսահակյանի անունը` որպես մեծն ընդվզողի, Գերմարդու երգչի:
  Իսահակյանը զգալի աղքատացրած կլիներ իր պոեմը, եթե այն վերաբերեր սոսկիր ճակատագրին,և կամ թե միայն իր ազգի ճակատագրին ու նրա դեմ ծառացած քաղաքական խնդիրներին: Այսամենը, անշուշտ, կա, և այն պոեմի մղիչ ուժն է, ազդակն է: Բայց և ոչ միայն այդ, բայց և ոչ միայնհեղինակի կյանքն ու հարազատ ժողովրդի ճակատագիրը, այլև մարդկության ճակատագիրը, մարդարարածի էությունը, այն հավիտենական արժեքները, որ թե՛ այսօր, թե՛ դարեր առաջ, իրապես թեպայմանականորեն, ընդունել են հասարակությունն ու մարդը և որոնցով առ այսօր փորձում ենշարժվել` որպես առաջին կարգի ճշմարտություններ: Ահա այս սկզբունքները, հասարակությանընդունած կարգի այս խարիսխներն է փորձում վերանայել Իսահակյանի հերոսը, կասկածի տակառնելով նրանց ինք-նությունը, նրանց բարոյականությունն ու կոչումը:

 Եվ այս մեծ դրժման նպատակը,ոչ թե պարզապես մարդուն ժխտելն է ու աշխարհի քանդումը, այլիրերի դրվածքը փոխելը, մարդուն անկումից փրկելը և դաժան ճշմարտություններ ավետելը,ինչքան էլ դրանք անողոք լինեն:

Իսահակյանի Արևը իր մեջ կաղապարում երջանկության ու արդարության կիզակետը: Խորհրդանիշը այն իդեալական պատկերացումների, որ փափագեց իր հոգում Աբու Մահարին: Արևը մարդու կյանքի հավիտյան կենարար աղբյուրն է: Արևը մարմնացումն է նոր, լուսավոր կյանքի համար մարդու տածած հույսի: Արևը Իսահակյանի պոեմում ազատության հոմանիշն է:

Չարլի Չապլին (նամակը դստերը)

Չարլի Չապլինի նամակի բովանդակությանը ընկալելով մտքիս մեջ նկարագրվեց հոր իդեալական կերպար, որը չցանկանալով ողղակի պարտադրել դստերը իր կամքը նամակում անընդհատ մտորումների տեղեր է թողնում։ Ցանկանալով ամրապնդել դստեր արժեքային համակարգը նա խոսում է այնպիսի թեմաներից ինչպիսիք են փողը, փառասիրությունը, նյութապաշտությունը և այլն։ Իմ կարծիքով Չապլինը գրում է շատ կարևոր մարդկային արատների մասին, որոնք ուղղակի ոչնչացնում են մարդու, կարելի է ասել, բոլոր բարոյական հատկանիշները։ Լինելով ծայրաստիճան աղքատ և դառնալով 20-րդ դարի ամենահայտնի կերպարներից մեկը, նա միշտ եղել է մարդ, և իմ կարծիքով այս տողերով նա ուզեցել է աղջկան և ամբողջ մարդկությանը, ովքեր նույնպես կարդացել են այս նամակը դարձնել ավելի լավը։

Նամակը այստեղ:

среда, 23 ноября 2016 г.

Ալբերտ Այնշտայն

Ալբերտ Այնշտայնը գերմանացի մեծ ֆիզիկոս-տեսաբան, համարվել է 20-րդ դարի ամենամեծ ֆիզիկոսը։ Նրա գիտական հանճարը փայլատակել է ժամանակակից ֆիզիկայի արմատական պրոբլեմների լուծման բնագավառներում։ Մեծ գիտնականի մասին գրվել են հազարավոր գրքեր, տրվել են շատ գնահատականներ։ Եղել է ժամանակակից ֆիզիկայի ամենամեծ դեմքը իր մեծ գիտելիքներով, բարդ գաղափարների, տեսությունների և գիտական վարկածների կծիկը բացելու իր անօրինակ ընդունակություններով։ Էյնշտեյնը բացառիկ երևույթ է գիտության պատմության մեջ։ Ծնվել է Ուլմում։ 14 տարեկան հասակում տեղափոխվել է Շվեյցարիա, ուր ավարտել է Ցյուրիխի պոլիտեխնիկումը։ Աշխատել է Պրահայոմ, Բեռլինում։ 1933-ին, հալածվելով Գերմանիայի ֆաշիստական կարգերից, փոխադրվել է ԱՄՆ, ուր մինչև իր կյանքի վերջը աշխատել է Պրինստոնի հեռանկարային հետազոտությունների ինստիտուտում։
Գիտության մեջ նրա մեծագույն նվաճումը հարաբերականության տեսությունն է, որն արմատապես փոխեց մեր պատկերացումները տարածության, ժամանակի և մատերիայի մասին։ Երբ 1921-ին Այնշտայնը Նոբելյան մրցանակի է արժանանում լույսի մասնիկի՝ ֆոտոնի տեսական հայտնագործության ու լուսաէֆեկտի երևույթի քվանտային տեսության ստեղծման համար, իրեն հատուկ հումորով զարմանում է, որ ինքն այդ մրցանակը պետք է ստանար դեռևս 1905 թվին, երբ ստեղծել էր հարաբերականության հատուկ տեսությունը։ Գիտության պատմաբանները նրա հարաբերականության հատուկ տեսությունը դասում են ամենամեծ ֆիզիկական տեսությունների շարքում, Իսահակ Նյուտոնի մեխանիկայից և Ջեյմս Մաքսվելի էլեկտրադինամիկայից հետո։ Այս երեք մեծ հայտնագործությունները դարձան ժամանակակից ֆիզիկայի (1895-1904) հիմնաքարերը, որոնք ապահովեցին առաջատար դերը բնագիտության մեջ։ Նկատի ունենալով, որ մեծ գիտնականի ժառանգությունը վաղուց դարձել է գիտության սեփականությունը, կանգ առնենք միայն նրա այն հայտնագործությունների վրա, որոնց համար նա արժանացել է Նոբելյան մրցանակի։ 1905-ին, ելնելով հարաբերականության հատուկ տեսությունից, նա արտածել է միջուկային ֆիզիկայի մեջ արտակարգ կարևոր, մի հակիրճ, բայց բովանդակալից բանաձև, որը մտել է բոլոր դասագրքերի մեջ։
Վիթխարի նշանակություն ունի լույսի ճառագայթման քվանտային տեսությունը։ Նա տեսականորեն առաջադրել է լույսի մասնիկի՝ ֆոտոնի գաղափարը, որը փորձով հայտնագործվեց 1922 թվականին Ա. Քոմփթոնի կողմից։ Լուսաէֆեկտի ուսումնասիրությամբ զբաղվել են շատ գիտնականներ, սակայն այդ ուշագրավ երևույթի քվանտային տեսության մշակումը տվել է Այնշտայնը։ Նա արտածել է լուսաէֆեկտի հիմնական հավասարումը, որը այլ բան չէ, քան էներգիայի պահպանման և փոխակերպման օրենքը լուսաէֆեկտի գործընթացում։ Ծանոթանալով Այնշտայնի հետ, մեծագույն սրախոս Բեռնարդ Շոուն դիմել է մեծագույն գիտնականին. «Դուք ութ հոգի եք, ընդամենը ութ հոգի»։ Այնշտայնը չի հասկացել նրան, շփոթվել է։ Շոուն շարունակել է. «Պյութագորաս, Պտղոմեոս, Արիստոտել, Կոպեռնիկոս, Գալիլեյ, Կեպլեր, Նյուտոն, Այնշտայն»։Մի քանի փաստեր Ալբերտ Էյնշտեյնի մասին:
Մի անգամ Էյնշտեյնը մտածմունքների մեջ ընկած փողոցով քայլելիս հանդիպում է ընկերոջը և նրան հրավիրում իրենց տուն.
-Երեկոյան կգաք մեր տուն, մեր մոտ կլինի նաև պրոֆեսոր Սթիմսոնը:
Ընկերը զարմանում է.
-Բայց պրոֆեսոր Սթիմսոնը ես եմ:
Էյնշտեյնն առարկեց.
-Դա կարևոր չէ, միևնույն է կգաք:
Էյնշտեյնը հայտնի էր նրանով, որ գրառումներ էր կատարում այն ամենի վրա, ինչ ձեռքի տակն էր ընկնում (մտքի թելը չկորցնելու համար): Մի անգամ նրա կնոջը հրավիրեցին հայտնի աստղադիտարան՝ նոր հեռադիտակի բացման արարողությանը: Արարողությունից հետո նրա համար մի փոքր էքսկուրսիա կազմակերպեցին: Նրա ուղեկցորդը, հեռադիտակը մատնացույց անելով, հայտարարեց.
-Այս սարքի շնորհիվ մենք մոլորակի գաղտնիքներն ենք բացում:
Սրան Էյնշտեյնի կինը պատասխանեց.
-Զարմանալի է, իսկ իմ ամուսնուն դրա համար բավական է մատիտի մի կտոր եւ լուցկու տուփ: